Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր մակարդակի պատվիրակություններին:
Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթնաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջև հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը:
Զրուցակիցները կարևորել են գագաթնաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաև գործարար կապերի ընդլայնմանը:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից:
Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր և անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:
Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքն իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն և հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին: