Դատախազությունից տեղեկանում ենք, որ այս պահին որևէ կասկածյալ գործերով ներգրավված չէ: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանյանը «Ազատությանը» հաղորդեց, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:
Ավելի վաղ հարուցվել է քրեական գործ նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում:
Ըստ զեկուցագրի, ժամը 19:10-ին, երբ ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող ոմն Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ, իրենք ստացել են 24 հաղորդում-ահազանգ․ - «16-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, իսկ 7-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին: Այս պահի դրությամբ ստացված բոլոր հաղորդումներն էլ նախաքննության փուլում են, նյութեր են նախապատրաստվում ստացված հաղորդումների գործերով»:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք նաև, որ քվեարկության գաղտնիության խախտման 7 դեպքից երեքով քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերով հրապարակել են իրենց քվեաթերթիկը:
Դեպքերից մեկով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն և հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:
Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին լուսանկարել է քվեաթերթիկը: Կոմիտեից հայտնում են, որ երկու դեպքով էլ նյութեր են նախապատրաստվում:
Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության, իսկ մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ և փորձել մասնակցել քվեարկությանը:
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել 84 իրավախախտումների վերաբերյալ: Դրանցից 11-ը վերաբերում են ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն կարող հաղորդել, թե խոսքը որ կուսակցություններին և կամ որ դաշինքներին է առնչվում:
Նկատենք, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում «Ազատության» տեսախցիկը շրջել է ընտրատարածքներով, սակայն լուրջ խախտումներ չենք արձանահգրել: