Այսօր հազարավոր մարդիկ էին հավաքվել Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում` հարգանքի տուրք մատուցելով շաբաթ օրը ռազմական շքերթի ընթացքում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին:
Սեպտեմբերի 22-ին Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 25 զոհերի հուղարկավորությանը մասնակցում էին ռազմական և կրոնական գործիչներ, քաղաքի հազարավոր բնակիչներ: Կենտրոնական կառավարության որոշմամբ Խուզեստան նահանգում սգո օր է հայտարարված:
Հարձակումը տեղի ունեցավ շաբաթ կեսօրին, երբ կեղծ զինվորական համազգեստ կրող զինյալներն անկանոն կրակ բացեցին Ահվազում կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների և հանդիսատեսների ուղղությամբ:
Պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ հարձակմանը հաջորդած փոխհրաձգության ընթացքում բոլոր չորս զինյալները սպանվել են: