Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով օրեր առաջ Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, որից հետո առգրավվել էին խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչներ, այսօր ասաց, թե, իր կարծիքով, իրավապահ մարմինները պետք է ավելի նրբանկատ լինեն լրատվամիջոցների նկատմամբ այդպիսի գործողություններ իրականացնելիս։
«Մենք կարծում ենք, որ չպետք է այդ գործողությունները սպառնալիք դառնան տեղեկատվական աղբյուրների գաղտնիության և պաշտպանվածության առումով, ինչը տվյալ պարագայում կարող է լինել։ Որովհետև, երբ համակարգիչն ու հիշողության սարքերը տարվում են, այնտեղ ոչ միայն այն փաստերը կարող են վերհանվել, որոնք որ հետաքրքրում են իրավապահ մարմիններին, այլ հարակից բաներ, որոնք որ միգուցե չեն վերաբերում դրանց, բայց այլ նյութերի համար շատ կարևոր են։ Այսպիսի խուզարկություն անցկացնելիս, իհարկե, շատ վատ ազդեցություն կարելի է հասցնել լրատվամիջոցի համբավին, և, իհարկե, անհարկի զգուշավորություն կարող է տարածվել այլ լրատվամիջոցների, առհասարակ, լրատվական դաշտի դաշտի մեջ: Եվ կարծում եմ, որ այս հետևանքները հաշվի առնելով՝ և՛ Քննչական կոմիտեն, և՛ այլ իրավապահ մարմինները, որոնք որ այդ խուզարկությունը անցկացրել են, պետք է լուրջ մտածեն և այնուամենայնիվ այն փաստերը և փաստարկները ներկայացնեն հանրությանը, որոնք որ կարող են վստահություն առաջացնել այդ գործողությունների նկատմամբ», - ասաց Մելիքյանը:
Սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը խուզարկություն իրականացրին Yerevan.Today լրատվամիջոցի խմբագրությունում։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի խոսքով՝ իրավապահները հայտնել են, թե խուզարկում են իրենց խմբագրությունը, քանի որ Yerevan.Today-ն առաջինն է հրապարակել ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Քննչական կոմիտեից հայտարարել են, որ խուզարկությունը կապ չունի Yerevan.Today-ի լրագրողական գործունեության հետ և իրականացվել է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Իսկ երեկ արդեն «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային լրագրողական կազմակերպությունը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով Yerevan.Today խմբագրությունում խուզարկության իրականացումը՝ նշելով, որ դա խախտել է լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքը:
«Yerevan.Today-ի խմբագրության խուզարկությունը և համակարգչային գույքի առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է: Այդ իրավունքը երաշխավորված է հայաստանյան օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով», - նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Յոհան Բիրը՝ ափսոսանք հայտնելով, որ ոստիկանության գործողություններն ավելի համաչափ բնույթ չեն կրել:
Աշոտ Մելիքյանը կարծում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հայտարարությունը թերի է, քանի որ որպես գլխավոր խնդիր մատնանշվում է միայն լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի խախտումը։ Իսկ, ըստ Մելիքյանի, գլխավոր այլ վտանգներ կան. օրինակ՝ այս գործողություններն աբողջ լրատվական դաշտի համար կաշկանդավություն կարող էին մտցնել: