Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտում է խուզարկությունը Yerevan.Today խմբագրությունում


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային լրագրողական կազմակերպությունը դատապարտում է Yerevan.Today խմբագրությունում խուզարկության իրականացումը, նշելով՝ դա խախտել է լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքը:

«Yerevan.Today-ի խմբագրության խուզարկությունը և համակարգչային գույքի առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է: Այդ իրավունքը երաշխավորված է հայաստանյան օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով», - նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Յոհան Բիրն՝ ափսոսանք հայտնելով, որ ոստիկանության գործողություններն ավելի համաչափ բնույթ չեն կրել:

Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց գաղտնալսված հեռախոսային ձայնագրություն, որում լսվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը:

Ձայնագրության հրապարակման փաստով արդեն իսկ հարուցվել է երկու քրեական գործ, այդ թվում՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։

Քննչական կոմիտեից հայտարարել են, որ խուզարկությունը կապ չունի Yerevan.Today-ի լրագրողական գործունեության հետ և իրականացվել է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG