Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի վերջին այցը Ղարաբաղ «սադրանք է՝ ուղղված խաղաղ բանակցությունների տապալմանը», և կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «համարժեք արձագանք տալ»:
«Հայաստանի իշխանության սադրիչ այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և ագրեսիվ հայտարարությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում կայանալիք հանդիպումից առաջ, ի ցույց են դնում իրավիճակը միտումնավոր սրելու՝ Հայաստանի ղեկավարության մտադրությունը», - ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ է այցելել Արցախ: Վերադառնալիս Հայաստանի վարչապետը Ֆեյսբուքի ուղիղ եթերում մասնավորապես հայտարարել է․ - «Առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի: Հայաստանի Զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: <...> Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին․․․ Մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է բոլորին հստակ լինի Հայաստանում և նրա սահմաններից դուրս»: