Մատչելիության հղումներ

Պարգև Օհանյան․ Դատավորներն իրենց անկախ չեն զգում, «դուխ չունեն», որ անկախության երաշխիք տան


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք դատավոր աշխատած Պարգև Օհանյանի հավաստմամբ, դատավորները, այդ թվում և ինքը քաղաքական իշխանության պատվերով վճիռներ են կայացրել:

Օհանյանի առաջին օրինակը Հյուսիսային պողոտայի գործն է, երբ բազմաթիվ քաղաքացիներ չնչին փոխհատուցմամբ ազատում էին օտարման գոտի ճանաչված իրենց տները․ - «Դատարանի նախագահը հավաքում ա, ասում ա՝ էս գործով, Հյուսիսային պողոտայի գործով պետք ա էսպիսի ընթացք լինի՝ հօգուտ պետության այսպես ասած․․․ Իհարկե միջամտություն ա: Հյուսիսային պողոտան ամբողջությամբ շահ էր»:

1999-2007 թվականներին դատավոր աշխատած Պարգև Օհանյանը Հյուսիսային պողոտայի գործով վճիռները թեև օրինական է համարում՝ բացատրելով, որ իրավական առումով օրենք չի խախտել, բայց ընդգծում է՝ գիտակցում էր, որ վճիռները խղճի դեմ է կայացնում․ - «Տեղ կար, որ, օրինակ, մարդիկ ապրում էին իրանց պապական տներում, բայց էդ տները ապօրինի էին, և էդ մարդկանց նույնիսկ 2-3 հազար դոլար էր հասնում: Երկու հազար դոլարով իրան փաստորեն տնից հանեցի․․․ և էդ մարդիկ իմ աչքիցս չեն հեռանում մինչև հիմա»:

«Պատվիրված էր [Փաշինյանին] երեք տարի ազատազրկում տալ»

Նախկին դատավորի հաջորդ օրինակն այն քրեական գործն էր, որով «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղադրվում էր զրպարտության համար: Փաշինյանը հոդված էր հրապարակել, թե ինչպես է այն ժամանակ պատգամավոր Արտաշես Գեղամյանի կինը ներքնազգեստի մեջ զարդեր թաքցնելով փորձել է սահման հատել:

«Պատվիրված էր երեք տարի ազատազրկում տալ․․․ Ես նախ տվեցի մի տարի և խափանման միջոցը չփոխեցի: Այսինքն ինքը դրսում էր, չկալանավորեցի», - նշեց Պարգև Օհանյանը:

Օհանյանն այն դատավորն է, որը սուրճ արտադրող «Ռոյալ Արմենիայի» աղմկահարույց գործով արդարացման դատավճիռ կայացնելուց որոշ ժամանակ անց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ազատվեց աշխատանքից:

2007-ի հուլիսին Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանը` Պարգև Օհանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատ էր արձակել գրեթե երկու տարի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին` Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ:

«Ասված էր ինչ պիտի արվի, բայց, ասենք, չէր լինի», - ասաց Օհանյանը: - «Ուզում եմ նենց խոսամ, որ ինձ սրբի տեղ չդնեք․․․ պատվերներ էլ եմ արել, շահագրգռվածություններ էլ եմ ունեցել: Գործը սարքում եք, արա, լավ սարքեք գոնե: Հասկանում եք ինչն ա սարսափելին․ որ եթե պատվեր ա, ասված ա՝ էս գործը պետք ա մտնի դատարան, հարց չկա, էնքան որ ինքը թղթերը սարքեց, կարեց, ուղարկեց դատարան: Ինքը վստահ ա, որ դատարանն էլ աչքերը փակ դատավճիռ ա կայացնելու: Որովհետև եթե ասված ա, էնտեղ էլ ա ասվելու»:

Պատվերների հիմնական մասն իրականացվում էր դատարանների նախագահների միջոցով

Ըստ Օհանյանի, իր դատավոր աշխատած տարիներին, պատվերների հիմնական մասն իշխանությունն իրականացնում էր դատարանների նախագահների միջոցով, որոնք հրահանգը փոխանցում էին դատավորներին:

Որպես կանոն, ասում է Օհանյանը, դատավորները չէին ընդդիմանում․ - «Դատավորների այսպես կոչված ճնշվածությունը ասեմ, կաշկանդվածությունը կնվազի, եթե նրանք հեռանան կոռուպցիայից»:

«Դատավորները իրենց անկախ չեն զգում»

ԱԱԾ տնօրենի ու դատավոր Վաչե Մարգարյանի միջև տեղի ունեցած հնարավոր զրույցի մասին Պարգև Օհանյանն ասում է, որ ԱԱԾ տնօրենին զանգելու պրակտիկա, գոնե իր դատավոր աշխատած տարիներին չի եղել, բայց երևույթը ծանոթ է․ - «Դա խոսում ա էն մասին, որ դատավորները սովոր են, այսինքն՝ իրենց անկախ չեն զգում, չունեն դուխ, որ անկախության երաշխիք տան»:

Վաչե Մարգարյանը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կայացրած առաջին ատյանի դատավորն է: ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցի համաձայն, ԱԱԾ տնօրենը դատավորին ասել էր՝ «ուզես-չուզես կալանքը պետք է տաս»:

Թե՛ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թե՛ դատավորը հերքում են, որ իրենք հեռախոսազրույց են ունեցել:

XS
SM
MD
LG