Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր առաջարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերթով զանգել դատավորներին․ - «Պետք է հարցը տաք պարոն վարչապետին և ասեք՝ փորձեք զանգել բոլոր 234 դատավորներին, տեսեք որը կկատարի, որը ոչ»:
Երկու օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում չկա դատավոր, որը կարող է իր հրահանգը կատարելուց հրաժարվել․ - «Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի չէ՞․․․ Էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ: Բայց ես ինձ թույլ չեմ տա»:
«Ազատության» հարցին, թե արդյոք վարչապետի հայտարարությունը ճնշում չէ դատական համակարգի վրա, Գագիկ Հարությունյանը արձագանքեց, թե Հայաստանի դատական համակարգի մասին թյուր պատկերացում կա․ - «Հասցրել եմ ծանոթանալ դատավորների մեծ մասի հետ: Կան չափազանց պարկեշտ, հայրենասեր, իրենց գործը լավ իմացող դատավորներ, և նրանք երբեք չեն փորձի որևէ զանգային արդարադատություն իրականացնել»:
Աղմկահարույց գաղտնալսման համաձայն, ԱԱԾ տնօրենի ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն ընդունած առաջին ատյանի դատավոր Վաչե Մարգարյանի միջև ենթադրաբար հեռախոսազրույց է եղել:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հիշեցրեց՝ կա հարուցված քրեական գործ, առաջարկեց սպասել․ - «Նախ պետք է փաստը հիմնավորվի, որ այդպես է եղել: Ես չեմ համոզված, որ զանգում է: Եթե զանգում է, ուրեմն դա խախտում է առաջին հերթին Բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 12-ի որոշման պահանջը, և այս պարագայում դա կարող է ընդհուպ կարգապահական վարույթի հիմք լինել»:
Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը մեկնաբանելով՝ բացառեց, որ դատավորը կարող էր հրահանգի սպասել դատական ակտ կայացնելիս․ - «Չեմ կարող ընդունել և չեմ կարող համոզված լինել, որ դատավորը զանգել է որևէ այլ ատյանի ներկայացուցչի կամ ուղղակի ներկայացուցչի, որպեսզի ճշտի, թե ինչ լուծում պետք է տա: Անկեղծ լինեմ՝ ես դա բացառում եմ: Ես կարող եմ իմ գործողությունները գնահատել և, ասենք, պալատի գործունեության մասով․ որևէ դեպքում որևէ կերպ որևէ ատյան չի կարող միջամտել արդարադատական գործունեությանը և՛ նախկինում, և՛ հիմա»:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ եթե վճռաբեկ դատարանը կարողանա ստեղծել անհրաժեշտ նախադեպային որոշումներ, Հայաստանում կունենանք արդարադատության նոր որակ:
Հարությունյանը կարծում է, թե այն դատավորները, որոնք չեն հարմարվի նոր պայմաններին, աշխատանքից կհրաժարվեն․ - «Այլ պահանջներ այսօր չկան: Ոչ ոք նրանցից չի պահանջում, որ՝ արեք այս կամ այն: Պահանջը մեկն է՝ դուք անկախ եք որոշում կայացնելիս, որևէ մեկը չի միջամտելու որոշում կայացնելիս, մեր ապրիլի 12-ի որոշումը դրան էր վերաբերում, բայց դուք գլխով պատասխանատու եք ձեր կայացրած որոշման համար: Այսինքն, դարձյալ սահմանադրական պահանջ է՝ դուք հաշվետու եք օրենքի առջև»: