Մատչելիության հղումներ

ԱԺ-ն չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե գործի նախաքննություն է ընթանում. Մարուքյան


Խորհրդարանը քննարկում է Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Ելք» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանում պնդում էին, թե Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալսման հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել: Այս մտահոգությունները կիսում է նաև «Ծառուկյան» խմբակցությունը:

Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ, մասնավորապես, խոսում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է պետք կայացնել։

«Մենք դեմ չեմ ճշմարտության պարզաբանմանը, մենք դեմ ենք «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմանը», - այսօր հայտարարեց Էդմոն Մարուքյանը («Ելք»):

Նախաձեռնության հեղինակ Հանրապետականը առաջարկել է նաև հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակը՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, արդար դատաքննության իրավունքը և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով առնվազն 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է, որ քննիչ հանձնաժողովն առանց քվեարկությանն էլ ստեղծվի: Հանրապետականին հաջողվել էր հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները: Այսօր պետք է հաստատեին հանձնաժողովի անդամների թիվը, բայց քննարկումները, միևնույն է, բուռն էին։

«Մենք ուսումնասիրեցինք «ԱԺ կանոնակարգ» օրենսգիրքը, և էնտեղ սահմանափակում կա քննիչ հանձնաժողով ստեղծելու: Եվ ուղղակի ես զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից, և այդքան պատգամավորներով նախաձեռնել եք այս նիստը: Որովհետև սահմանափակման մեջ հստակ գրված է, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, որովհետև կա մամուլի հաղորդագրություն, որ քրեական գործեր են հարուցված՝ և՛ գաղտնալսման, և՛ հնարավոր նախաքննությանը, քրեական գործի վարույթին միջամտության․․․ Դրա համար Ազգային ժողովը չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով», ֊ փաստարկեց Էդմոն Մարուքյանը:

Նախկին գլխավոր դատախազ, այժմ պատգամավոր Գևորգ Կոստանյանը («ՀՀԿ») ասաց, թե «գլոբալ» հարցեր են պատրաստվում քննարկել․ - «Խոսքը չի կարող վերաբերել կոնկրետ հանգամանքներին, այլ այս ձայնագրությունները հիմք են հանդիսանում, որպեսզի մենք ուսումնասիրության առարկա դարձնենք գլոբալ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության երաշխավորման և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հանգամանքները»:

Ալեն Սիմոնյանը («Ելք») հորդորեց բառախաղով չզբաղվել․ - «Ուզում եք անունը դրեք տանձ, ուզում եք անունը դրեք խնձոր, նույն հարցն եք քննարկելու, որի հետ կապված է երկու քրեական գործ է հարուցված»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց․ - «Գործը հարուցվել է բացառապես կանխելու ու խոչընդոտելու համար խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ, նիստից մի օր շուտ գիշերը գործ եք հարուցում»:

Խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը («ՀՀԿ») առաջարկեց փոփել հանձնաժողովի անվանումը, որով, ըստ նրա, կփարատվեն գործընկերների մտահոգությունները․ - «Արդարադատության իրականացման խոչընդոտման հետ կապված չկա հարուցված քրեական գործ: Էս մեկ: Եվ երկրորդ, մնացած մասով, որ պրոբլեմ ունեք, էդ պրոբլեմի հետ կապված ասում ենք՝ առիթ է գաղտնալսում է, նպատակը մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը երկրում քննարկելն է»:

Հանրապետականի համար Հովհաննիսյանի առաջարկն ընդունելի էր, իսկ ահա «Ելք»-ի գործընկերներին այն չհամոզեց: Նրանք մնացին իրենց տեսակետին:

«Էն հանձնաժողովը, որ դուք արդեն ստեղծել եք, սիրելի գործընկերներ, վտանգված է լինելու դառնալ պարապ հանձնաժողով: Որովհետև էն հարցերը, որ դուք հենց բերեք, որ քննարկեք, կպարզվի, որ էդ հարցերը կապված ա նախաքննության հետ, արդեն էն մեկը վկա ա, էն մեկը տուժող ա, էն մեկը հարցաքննվել ա, ու դուք չեք կարող էդ դաշտ մտնել», - նկատեց Էդմոն Մարուքյանը:

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը կարող է դիմել պետական մարմիններին ու պաշտոնյաներին՝ պահանջելով անհրաժեշտ տեղեկություններ, ինպես նաև՝ հրավիրել նրանց հանձնաժողով։

«Ելք»-ից դեռ հստակեցնում, թե արդյոք մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին:

11 հոգանոց հանձնաժողովում ՀՀԿ-ն հինգ անդամ կունենա, «Ծառուկյան» դաշինքը՝ երեք, «Ելք»-ը՝ երկու , Դաշնակցությունը՝ մեկ:

Խնդրո առարկա գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ քրգործ հարուցվեց՝ «Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը» և «Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով» հատկանիշներով: Երեկ էլ հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրգործ հարուցվեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս գալու հատկանիշով։

XS
SM
MD
LG