Մատչելիության հղումներ

Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում կքննարկի Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ», - խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Բաբլոյանը նշեց, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ։

«Ժամը 12։00-ին կլսենք քվեարկության արդյունքները և դրանից անմիջապես հետո մենք կգումարենք մեր արտահերթ նիստը», - ասաց Բաբլոյանը։

Ազգային ժողովն այսօր ընտրում է Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչպես նաև Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG