Մատչելիության հղումներ

Փաշինյանին սատարող ուժերը չեն կարծում, թե նրա հայտարարությունն իրենց էր ուղղված


Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սատարող խորհրդարանական ուժերը չեն կարծում, թե Փաշինյանի երեկվա հայտարարության հասցեատերը իրենք են։

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով, թե կան ընտրություններին մասնակցող ուժեր, որոնք Հանրապետականի հետ ստվերային բանակցություններ են վարում:

«Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք գնացել են խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա, տղերք, կըլնի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը Հանրապետականի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից, հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, գնում են թաքուն ասում՝ էկեք հավաքվենք, դրանց գցենք, հեղափոխությունը հեչ անենք: Չի՚ ստացվի», - հայտարարել էր Փաշինյանը:

Նաիրա Զոհրաբյան․ մեկը լինի, այսօր Հանրապետականին օգնի

«Բարգավաճ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ասաց՝ մեկը լինի, այսօր Հանրապետականին օգնի․ - «Չի կարող «Բարգավաճ Հայաստանի» որևէ ներկայացուցիչ որևէ ստվերային պայմանավորվածություն ունենա, լինի դա ռեստորանում, սրճարանում թե փաբում, հանրապետական որևէ, ինչպես նշեց վարչապետը՝ զորացրված կամ ոչ զորացրված գործչի հետ»:

Արմեն Ռուստամյան․ Էդ հայտարարությանը պետք է հետևեն քայլեր

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Փաշինյանը, ըստ էության հանցագործության մասին հայտարարություն է արել: Ռուստամյանը կարծում է, որ պետք է նաև անուններ հնչեցնի՝ ո՞ւմ նկատի ուներ։ Պնդում է, որ իրենք կապ չունեն Փաշինյանի ասածի հետ: Երևանցիներից բացի, իրենց որևէ մեկի աջակցությունը, ըստ Ռուստամյանի հարկավոր չէ:

Բացի այդ, իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակից են․ - «Հիմա շատ ենք խոսում սահմանադրական կարգի տապալման մասին, ամենալավ, ցայտուն օրինակն է: Դե, եկեք բացահայտեք՝ ո՞վ են էդ մարդիկ, ովքեր ուզում են սահմանադրական կարգը տապալել՝ ընտրությունները կեղծելով: Չի կարելի հայտարարություն անել, և էդպես մնա: Էդ հայտարարությանը պետք է հետևեն քայլեր: Պետք է շատ հստակ ասվի՝ ովքե՞ն են էդ դավադիրները, ո՞վ է էդ դավադրությունն իրականցնում, ապացուցվի և վերջացվի հարցը»:

Այդուհանդերձ․ Ռուստամյանը կարծում է, թե Հանրապետականից «ընտրական բոբո»․ - «Իբր թե Հանրապետական պահպանել է այնքան ներուժ, կեղծիքի մեքենան դեռ իր ձեռքում է, որ էդ մեքենան նորից կարող է աշխատել․․․ Ակնհայտ ա, չէ՞, որ հնարավոր չի համատարած ընտրակեղծիքներ իրականացնել երկրում, որտեղ դու ամբողջական իշխանություն չունես: Դա այբուբեն ա, էդպիսի բան բացառված է»:

Արամ Սարգսյանը հայաստանցիներին հեղափոխականների կամ հակահեղափոխականների չի բաժանում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով «ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը» հարցի պատասխանը կարող է միայն Փաշինյանը տալ՝ հավելելով, որ վարչապետի խոսքերը կարելի է վերագրել ցանկացածին, այդ թվում՝ իրենց:

Քաղաքապետի ընտրություններում «Ելք»-ի երեք կուսակցությունների ճանապարհները բաժանվեցին․ «Քաղաքացիական պայմանագիրը» իր թեկնածուով որոշեց պայքարել, իսկ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին չմիացած «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ իրենց:

Բայց Արամ Սարգսյանը պնդում է, որ իրենք թե՛ արտահերթ, թե՛ քաղաքապետի արդար ընտրություններ անցկացնելու կողմնակից են․ - «Մենք ընդհանրապես էն կարծիքին ենք, որ երկրում արտահերթ ընտրություններ են պետք»:

Սարգսյանի խոսքով՝ ինքը հայաստանցիներին հեղափոխականների կամ հակահեղափոխականների չի բաժանում, ուստի նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել-զրուցել-տեղ գնալը չի կարծում, թե հանցանք է․ - «Եթե կան մարդիկ, ովքեր իրենց ձայնը կտան Արտակ Զեյնալյանին՝ անկախ նրանից, թե նրանց նախկին ռեժիմից են, թե նախկին նախկին ռեժիմից են, ես շատ ուրախ կլինեմ, որովհետև կհամարեմ, որ իրենք եղած թեկնածուների մեջ գնահատել են էն արժանիքները, ինչ ունի Արտակ Զեյնալյանը: Իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, Երևանի բնակիչ են, և եթե Արտակ Զեյնալյանը դառնա Երևանի քաղաքապետ, նաև իրենց քաղաքապետն է լինելու: Իրենց ընտրության խնդիրն է»:

Արմեն Աշոտյան․ Փաշինյանը փուռն է տալիս իր այսօրվա քաղաքական դաշնակիցներին

Փաշինյանի հայտարարությունն անարձագանք չի թողել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ - «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փուռն է տալիս իր այսօրվա քաղաքական դաշնակիցներին, և պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի ապահովի իր թեկնածուի համար առավելագույն այն ձայները, որոնք իրեն լրացուցիչ թև ու թիկունք կտան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու»:

Ալեն Սիմոնյան․ Հասցեատերն իրեն գտել է վարչապետի խոսքի մեջ

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը ենթադրություններ ունի, թե կոնկրետ ում է նկատի ունեցել վարչապետը, բայց նախընտրեց չբարձրաձայնել:

Միայն ասաց, որ այդ ուժը կամ ուժերը նաև Ազգային ժողովում են ներկայացված․ - «Այդ ուժը, այդ մարդիկ իրենց գտել են պարոն Փաշինյանի ելույթում և, կարծում եմ, ճիշտ հետևություններ են արել: Իսկ եթե հետևություններ չեն արել, վստահեցնում եմ՝ կանեն»:

XS
SM
MD
LG