Մատչելիության հղումներ

«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ՀՀ կառավարությունից 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան

Ընկերության հայցն արդեն ներկայացվել է Միջազգային արբիտրաժային դատարան։

Հայ-իրանական երկաթգծի կառուցման պարտավորությունը ստանձնած «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը Հայաստանի կառավարությունից 160 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում: Ընկերությունն արդեն հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան։

Այս տեղեկությունն այսօր հաստատեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ ընկերությունը պնդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում վնասներ է կրել․ - «Կարծում ենք, որ դա տրամաբանական չէ: Պատճառաբանությունը այն է, որ այդ ընթացքում ծրագրին օժանդակելու նպատակով, երբ Հայաստանի կառավարությունը եղել է Չինաստանում, քննարկել է նաև այդ հարցը: Եվ «Ռասիա ՖԶԷ»-ն այսօր ինչ-որ պատճառաբանություններ է բերում, թե դա ազդել է իր հետագա ծրագրերի վրա»:

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին առաջին անգամ 2008 թվականին հայտարարել է Սերժ Սարգսյանը: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիր է ստորագրվել։

Հայաստանից 160 միլիոն դոլար պահանջող ընկերությունը անցած 5 տարիներին երկաթգծի անգամ մեկ մետր չի կառուցել։

«Ընկերությունը ընդամենը կատարել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որը ներկայացրել է նախարարությանը, և դրա վերաբերյալ նախկինում նախարարության կողմից կատարվել են բազմաթիվ դիտողություններ: Դրանից հետո բազմիցս ընկերությունը հրավիրվել է արդեն կոնցեսիոն իր պարտավորությունները կատարելու հարցերը քննարկելու համար, սակայն նախարարության բոլոր հրավերները մնացել են անհետևանք», - ասաց Աշոտ Հակոբյանը:

Նախարարի համոզմամբ, Հայաստանի կառավարության փաստարկները հիմնավոր են, և մտահոգվելու կարիք չկա․ - «Կարծում եմ, այստեղ մեր հիմքերը, մեր փաստարկներն ամուր են, խիստ անհանգստանալու կարիք չկա: Այնուամենայնիվ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք․ միջոցներ ձեռնարկվում են: Կառավարության կողմից ևս ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ մեր շահերը պաշտպանելու համար»:

Շարունակելով երկաթգծի թեման՝ Աշոտ Հակոբյանը խոսեց նաև հայ-վրացական երկաթգիծը սպասարկող ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում չարաշահումների վերաբերյալ հարցուցված քրեական գործի մասին։

Ըստ նախարարի, քաղաքական որևէ երանգ չկա, ռուսաստանյան կողմը նույնպես շահագրգռված է իմանալ, թե արդյոք ընկերությունը կատարել է փաստաթղթերում նշված միլիոնավոր դոլարների ներդրումները․ - «Ենթադրում եմ, որ բավարար հիմքեր եղել են առերևույթ հանցագործության նշաններ եղել են քրեական գործ հարուցելու և քննություն սկսելու համար, կամ գոնե խուզարկություն կատարելու համար: Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչի կհասնի քննությունը: Կարծում եմ, և՛ մեր կառավարությունը, և՛ ռուսական կողմը շահագգրգռված են օբյեկտիվ իրականությունը հասկանալու»:

Տրանսպորտի նախարարն այսօր ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը։ Աշխատանքների առանցքում Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարությունն է։ Կառուցապատման մեկնարկից շուրջ 7 տարի անց, 450 կմ ճանապարհից կառուցվել է ընդամենը 72 կմ։ Թե երբ ի վերջո կավարտվի ռազմավարական նշանակության այս ճանապարհի շինարարությունը, նոր կառավարությունը նույնպես դժվարանում է հստակ ժամկետներ նշել։

«Հնարավոր է, որ այդ ճանապարհն ամբողջությամբ ավարտի հինգ տարում, հնարավոր է, որ ավարտվի 10-12 տարում: Կոնկրետ ժամանակահատված նշելուց ես չեմ խուսափում, բայց կոնկրետ օր և տարի ասել․․․ սա կախված է միջազգային ֆինանսավորման աղբյուրներից, կախված է մեր աշխատանքի տեմպերից և ընդհանրապես պետության ֆինանսական հնարավորություններից»:

Շինարարության համար անցկացվել են նոր մրցույթներ, որոշ նախագծեր արդեն հաստատվել են Ասիական զարգացման բանկի կողմից։

Հարկատուների հաշվին վերցված վարկերով կառուցվող ճանապարհի որոշ հատվածներ վարորդների համար վճարովի կլինեն:

«Ես հակված եմ, որ ճանապարհը պետք է լինի վճարովի», - ասաց նախարարը, - «Բազմաթիվ երկրներում կամ բազմաթիվ վճարովի ճանապարհնե: Վճարովի է լինելու բոլորի համար, և էդ վճարը չի գերազանցելու ներկայիս ճանապարհով երթևեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը»:

Մինչ շինարարները նոր ճանապարհներն են նախագծում, Հյուսիս -Հարավի արդեն իսկ կառուցված ճանապարհներին նկատելի են ճաքեր, անհարթություններ ու մաշվածություն։

XS
SM
MD
LG