Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու 556 կիլոմետր ճանապարհի շինարարության համար ֆինասավորում կա ընդամենը 160 կիլոմետր հատվածի համար, այսօր Թալինում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Նա նշեց, որ ծրագիրը բաղկացած է 5 մասնաբաժիններից՝ տրանշներից, և ֆինանսավորում կա միայն 3 տրանշի համար։
Նախարարի խոսքով՝ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային վարկային երեք կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական կայունացման և զարգացման բանկի կողմից։
Վարկային համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմում է 540 միլիոն դոլար։
«Ծրագրի իրականացման համար գումարային չափով հիմա ասեմ, երեք համաձայանագրերը, որոնք կնքվել են Ասիական զարգացման բանկի հետ, առաջինը 60 միլիոն ԱՄՆ դոլարի չափով է, որը նախատեսված է եղել առաջին տրանշի իրականացման համար, երկրորդը 170 միլիոն ԱՄՆ դոլարի չափով է, որը նախատեսված է եղել երկրորդ տրանշի՝ Աշտարակ-Թալին 42 կիլոմետր ճանապարհի վերանորոգման համար և 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ 18.7 կիլոմետր՝ Թալին-Լանջիկ ավտոճանապարհի իրականացման համար», - ասաց Հակոբյանը՝ շարունակելով. - «Եվրոպական ներդրումային բանկի հետ մենք ունենք Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության համար 60 միլիոն եվրոյի հատկացված ֆինանսավորում, բացի այդ՝ ունենք նաև 12 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով։ Եվրասիական զարգացման բանկի հետ ունենք համաձայնագիր 150 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ, որն ուղղվելու է Քաջարան-Ագարակ հատվածի 32 կիլոմետր ճանապարհի շինարարությանը և հիմնանորոգմանը։ Սա վարկային մեր համաձայնագրերի թիվն էր, որն ընդհանուր գումարով կազմում է 540 միլիոն ԱՄՆ դոլար էսօրվա դրությամբ, բայց ոչ բոլոր վարկերն են ուտիլիզացվել՝ ծախսվել։ Ուզում եմ ասել, որ առայսօր որպես վարկ ձևակերպվել է ընդամենը 222 միլիոն ԱՄՆ դոլարը, որից որպես կանխավճար շինարարներին վճարվել է 56.5 միլիոն ԱՄՆ դոլար»։
«Այսինքն՝ 556 կիլոմետր ճանապարհը, որի շինարարության արդյունքում դառնալու էր 490 կիլոմետր՝ կրճատվելու էր Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվող թունելների և կամուրջների հաշվին, այս ճանապարհահատվածից մենք ընդամենը ֆինանսավորում ունենք էսօր 160 կիլոմետր հատվածի համար և մոտ 300 կիլոմետր հատվածի համար մենք դեռևս ֆինանսավորում չունենք», - ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ավարտին՝ նախարարն ասաց. - «Ով շինարարության ավարտման ժամկետների վերաբերյալ կոնկրետ հայտարարություն կանի, դա կլինի շատ անլուրջ, ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել, եթե մենք ունենանք մայրուղու ամբողջ ֆինանսավորումը»։
Ծրագրի վերջնական և ճշգրիտ արժեքը, ըստ նախարարի, պարզ կլինի, երբ նախարարությունն ունենա Հյուսիս-Հարավ տրանսպորտային ամբողջ ճանապարհի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։
«Դեռևս չորս հատվածում մենք այդ փաստաթղթերը չունենք», - ասաց Հակոբյանը՝ շարունակելով. - «Ծրագրի նախնական արժեքը 1 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով է, սակայն ակնհայտ է, որ այդ գումարն աճելու է»։