Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը կազմող աշխատանքային խումբը սեպտեմբերի 1-ին հրապարակել է հերթական զեկույցը, որի համաձայն՝ ներկա պահին Ադրբեջանում 130 քաղբանտարկյալ կա: Նրանց թվում են լրագրողներ, բլոգերներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ, պետական նախկին պաշտոնյաներ, արվեստագետներ, կրոնական հայացքների համար դատապարտվածներ:
Աշխատանքային խումբը կազմված է իրավապաշտպանների, ակտիվիստների ու մասնագետ իրավաբանների ներկայացուցիչներից։ Նրանց նախորդ զեկույցը հրապարակվել էր անցած մարտին:
Երեկ նրանք նաև նշել են, որ 2017-ի վերջերից իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվում իրենց հետ համագործակցող փաստաբանները:
Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: