Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, ինչպես նաև Ալիկ Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր են ձեռք բերվել:
Գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ այն առնչվում է նախկին պաշտոնյաների:
«Այդ գործը երեկ նոր ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այդ գործերին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ կարծիք հայտնել», - այսօր լրագրողներին ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Ըստ Քննչական կոմիտեի, «Ավազահատիկ» ՍՊԸ-ի տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Պարզվել է, որ 2000 թվականին հիմանդրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ, ներգրավելով վարկային միջոցներ կատարել է շուրջ մեծ ներդրումներ, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի: Ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որտեղ ընկերությունը զբաղվում էր ավազի հանույթով, և պահանջել լուծարել «Ավազահատիկ»-ի տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, ինչից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։
Այդ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյաններին, Ալիկ Սարգսյանին։
Նորամարգ գյուղի բնակիչները տեղյակ են, որ գերեզմանատան հարևանությամբ արդեն երկար տարիներ հանքից ավազ է հանվում, բայց չգիտեն, թե ով է հանքի սեփականատերը: Վստահ են միայն, որ իրենց համագյուղացիներից չէ:
Նորամարգցիները դժգոհ են, որ սեփականատերերը հանքը շահագործելիս հասել են մինչև գերեզմանատան տարածքը:
Պետական ռեգիստրի կայքից կարելի է տեղեկանալ, որ «Ավազահատիկ» ընկերությունում 2008 թվականին իսկապես եղել է մասնակիցների փոփոխություն: Դրանից ութ տարի առաջ հիմնադրված ընկերության սեփականատեր Գևորգ Գևորգյանի մասնակցությունը դադարեցվել է, և փոխարենը 30-ական տոկոս բաժնեմասով Խաչատուր Աղաջանյանը և Հենրիկ Արգամի Աբրահամյանը:
Աբրահամյանների ընտանիքից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: