Մատչելիության հղումներ

«Ավազահատիկ» ՍՊԸ-ն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում է կայացվել գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։

Ըստ կոմիտեի, «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել է, որ 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Քննչական կոմիտեն նաև նշում է, որ բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որտեղ ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով, և պահանջել լուծարել «Ավազահատիկ»-ի տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։

Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։

Քննչական կոմիտեն հայտնում է՝ քանի որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ, որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG