Մատչելիության հղումներ

«Մինչև տարեվերջ բավականին մեծ ծավալի ճանապարհաշինության արդյունքներ ենք ունենալու»․ փոխվարչապետ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Երևան, 7-ը օգոստոսի, 2018թ․
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Երևան, 7-ը օգոստոսի, 2018թ․

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է մոտավորապես 86 կիլոմետր ճանապարհի շինարարություն, ինչպես նաև 62 կիլոմետր՝ Համաշխարհային բանկի ծրագրով: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա փոխանցմամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության խնայված 1․3 միլիարդ դրամ միջոցները ևս այս տարի՝ մինչև տարեվերջ, «մինչև աշուն նույնիսկ, աշնան կեսեր», ուղղվելու են ճանապարհաշինարարությանը:

«Մենք այս ամբողջ գումարը ուղղելու ենք ճանապարհաշինարարությանը: Ընտրված են հատվածները՝ դրանք հիմնականում դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհներն են, դա նաև Գավառից դեպի Արցախ տանող ճանապարհն է, և մինչև տարեվերջ մենք բավականին մեծ ծավալի ճանապարհաշինության արդյունքներ ենք ունենալու», - ասաց փոխվարչապետը:

Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը կսկսի գործել հավանաբար եկող շաբաթ

Ամուլսարի խնդրի վերաբերյալ օգտատերերից մեկի հարցին Ավինյանը պատասխանեց․ - «Կարծում եմ, որ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևոր հարցը դա արդարության հարցն է: Այսինքն՝ մենք պետք է դիտարկենք, թե մեր այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար, մասնավորապես՝ և՛ հասարակության այն ներկայացուցիչների համար, ովքեր պայքարում են հանքերի դեմ, և՛ նաև տնտեսվարողների համար: Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում որևէ հանք շահագործվի, որը կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ ջրերի, մեր առողջության, մեր սերունդների կենսամիջավայրի վրա, բայց սա պետք է լինի շատ փաստարկված: Այսինքն՝ մենք չենք կարող խոսել էմոցիաների դաշտում, մենք պետք է ունենանք շատ փաստարկված կոնկրետ փաստեր, որ էս իրողությունը տեղի է ունենալու»:

«Կոնկրետ «Լիդիան»-ի մասով մենք հատուկ աշխատանքային խումբ ենք ձևավորել, որտեղ նաև ներգրավել ենք միջազգային փորձագետներ, ենթադրում եմ, որ արդեն մյուս շաբաթ այս աշխատանքային խումբը կսկսի իր աշխատանքները և կտա իր եզրակացությունը: Եթե կլինի թեկուզ մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ հանքի շահագործումը դադարեցնելու համար: Բայց եթե չլինի նման փաստարկ, ես կարծում եմ, որ … միգուցե կան նախապայմաններ, որ պետք է «Լիդիան» ընկերությունը բավարարի, որպեսզի բոլոր ռիսկերից ձերբազատվենք, և պետք է հասկանալ էդ դեպքում՝ էդ նախապայմանները որոնք են», - շարունակեց փոխվարչապետը:

Հարցին՝ ռիսկեր արձանագրվե՞լ են, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ - «Փորձագիտական մակարդակով, անկեղծ ասած, ես դեռևս որևէ հիմնավոր փաստարկ չեմ լսել»:

Ակնկալվում էր, որ այս տարի պետք է մեկնարկի Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը: Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ջերմուկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ հունիսի վերջից փակել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում:

Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG