«Քայլ դեպի տուն» ծրագրի 18-ամյա մասնակից Լարիսա Ղարսլյանը կհյուրընկալվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը:
Դեռ երկու շաբաթ առաջ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին հյուրընկալելու՝ վարչապետի պատրաստակամության մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարել էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է Լարիսա Ղարսլյանին:
«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,- նշել է Շուշան Փաշինյանը:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):
Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր: