Իրանի օրենսդիրները մեկ ամիս ժամանակ են տվել երկրի նախագահ Հասան Ռոհանիին խորհրդարանական հարցուպատասխանին պատրաստվելու համար, որն առնչվելու է ժողովրդի դժգոհությանը երկրում խորացող տնտեսական դժվարությունների նկատմամբ:
Օրենսդիրները փորձելու են հասկանալ տնտեսական ցածր աճի, ազգային արժույթի կտրուկ անկման, գործազրկության աճի պատճառները:
Ռոհանին բախվեց լուրջ խնդիրների, երբ ամիսներ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց գերտերությունների և Իրանի միջև 2015 թվականին կնքված միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ սպառնալով նորից պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Թեհրանի նկատմամբ:
Սոցիալական ցանցերում այս օրերին լուսանկարներ են հրապարակվում Իրանի տարբեր քաղաքներում ընթացքող բողոքի ցույցերից: Իսֆահանում (Սպահան) ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառվել: