Բելգիայի իրավապահները հաղորդել են Ֆրանսիայում ապաստանած իրանցի ընդդիմադիրներին ռումբի կիրառմամբ ահաբեկչական գրոհ ծրագրելու կասկածանքով մի իրանցի դիվանագետի և երկու այլ անձի ձերբակալելու մասին:
Իրավապահների այս գործողությունները մի քանի երկրի պատկան ծառայությունների ջանքերով են իրականացվել:
Բելգիացիները ձերբակալել են մի 38-ամյա տղամարդու և 33-ամյա կնոջ, կասկածյալների անունները չեն հրապարակվում:
Դրանից ավելի վաղ Գերմանիայում ձերբակալվել է մի իրանցի դիվանագետ, ով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում է ծառայել: Այդ ձերբակալության մասին երեկ է հաղորդվել:
Եվս երեք անձ ձերբակալվել է Ֆրանսիայում: Այս ձերբակալություններն իրականացվել են Իրանի դիմադրության Ազգային խորհրդի հավաքի օրերին:
Խորհդի կազմում իրանական ընդդիմության տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ են: Իրանի դիմադրության Ազգային խորհրդի նպատակն է տապալել Իրանում այաթոլաների վարչակարգը:
Հենց այս օրերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Եվրոպա՝ միջուկային վտանգված պայմանագրի և նավթի արդյունահանման հետ կապված հարցերի քննարկման համար:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Թվիթերի իր էջում «շինծու գործ» է անվանել եվրոպական իրավապահ կառույցների իրականացրած գործողությունները:
«Ինչ հարմար է, հենց մենք սկսեցինք մեր այցը՝ մեկ էլ Եվրոպայում բացահայտեցին ու ձերբակալեցին իրանցի դավադիրներին», - գրել է Զարիֆը: