ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մոսկովյան այցի ընթացքում կքննարկվեն ռուս-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային կայունությանն առչնվող հարցեր:
Բոլթոնն այսօր է ժամանում Մոսկվա: Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կարող է ընդունել Բոլթոնին:
«Ակնհայտ է, որ կքննարկվեն միջազգային կայունության, անվտանգության, զինաթափման, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր և, իհարկե, երկկողմ հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:
Մոսկվայում և Վաշինգտոնում քննարկվում է երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:
Հունիսի 9-ին Պեսկովն ասել է, որ Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Վիեննայում հանդիպելու տարբերակը:
Հունիսի 16-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ Վիեննան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարներին և այդ մասին տեղեկացրել է նրանց: