Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4։
Դեմ էին քվեարկել Հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Հանրապետական խմբակցությունը լքած պատգամավոր Արթուր Գևորգյանը։ Ձեռնպահ էին՝ Դաշնակցության պատգամավորները։
Օրենքի համաձայն, կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:
Նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, հիշեցնենք, կառավարությունն ընդունեց հունիսի 11-ին։ Հաջորդ օրը՝ հունիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ է օրենքում պարտադիր բաղադրիչը պահպանելու Փաշինյանի կառավարության որոշմանը։
Այսօր վարչապետը հայտարարեց, որ չի ընդունում նախարարի հրաժարականը և շարունակելու են համատեղ աշխատանքը։
«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»։
Նշենք, որ Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներն առաջին ընթերցմամբ ընդունեց երեկ, բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին, բացառությամբ ՀՅ Դաշնակցության։
«Մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնել ենք, նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է՝ նախկինի հետ համեմատած՝ բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ», - հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: