Քրեական գործը հարուցել է ոստիկանությունը, ըստ որի 2016-2018 թվականներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը հափշտակել է ավելի քան 140 միլիոն դրամ, միևնույն ժամանակ՝ չարամտորեն խուսափել է վճարել 63 միլիոն դրամի հարկ։ Հարուցվել է քրեական գործ 4 հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և պաշտոնեական անփութության համար։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները, որ «Յունիգրաֆ Իքսի» հետ կնքած պայմանագրերի համաձայն պարտավորություն ունեն վերահսկողություն իրականացնել, ըստ ոստիկանության, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները։
Համաձայն ոստիկանության ուսումնասիրությունների, մայրաքաղաքի բյուջեից այս ընկերութանն ամեն տարի փոխանցվել է 100 միլիոն դրամ։
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե քաղաքապետարանը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները․ - «Մենք իրականացրել ենք պայմանագրով սահմանված վերահսկողությունը: Ի՞նչը նկատի ունի ոստիկանությունը, կխնդրեմ իրենցից ճշտել»:
Մինչդեռ ոստիկանությունը հաղորդում է, որ «Յունիգրաֆ Իքսի» տնօրինությունը, օգտվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների անբարեխիղճ վերաբերմունքից և պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ստեղծված հնարավորություններից, քաղաքապետարանի ֆոնդից գումարները դուրս բերելու և հափշտակելու դիտավորությամբ՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ եզրակացություններ է կազմել։ Ըստ այդմ՝ «Յունիգրաֆ Իքսը» փաստաթղթերով ցույց է տվել, թե գնել է 128 կիլոգրամ հավի միս, 18 կիլոգրամ խոզի միս, 206 կիլոգրամ բրինձ։ Մինչդեռ պարզվել է, որ օգտագործվել է միայն շուրջ 12 կգ հավի միս և 8 կիլոգրամ բրինձ։ Իսկ փաստաթղթերով ձեռք բերված խոսի միսն ու սալն ընդհանրապես չեն օգտագործվել։
Այս մասին բարձրաձայնել են մի խումբ քաղաքացիներ, որոնք իշխանափոխությունից հետո բողոքի ակցիաներ էին անում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով։
«Իրավապահներին այդ ժամանակ են ներկայացրել քաղաքապետարանի բացթողումները», - ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: - «Քաղաքապետը պարտավոր է վերահսկողական ֆունկցիա իրականացնել նաև իր վարչությունների վրա՝ արդյո՞ք չարաշահվում են պետական միջոցները, թե՞ ոչ: Եթե անգամ տեղյակ չէ, նա ունեցել է ոչ պատշաճ վերահսկողական գործառույթ, ինչև ևս քրեորոն պատժելի է»:
Հովհաննիսյանն ասում է, որ բացի այս տվյալներից, այլ տեղեկություններ էլ ունեն․ - «Սկսած քաղաքապետարանում տարբեր գնումներից, այդ թվում կոնյակի և կոնյակի թանկ բաժակների գնումներից, և վերջացրած քաղաքապետի անձնական ունեցվածքի հայտարարագրերի դիտարկումներով: Բավական լուրջ փաստաթուղթ էր, որը կազմված էր, որտեղ ներառված էր նաև «Յունիգրաֆի» հետ կապված այս խնդիրը: Բազմաթիվ դրվագներով է այդ հայտարարությունը արված և այդ հիմնավորումը, թե ինչու պիտի Տարոն Մարգարյանը հեռանա քաղաքապետի պաշտոնից: Իմ հաշվարկներով հինգ քրեական գործ կարելի է հարուցել»:
Իրավապաշտպանը չի բացառում, որ այս չարաշահումներից քաղաքապետը տեղյակ է եղել․ - «Ուղղակի պետք է լինել ոչ այնքան ադեկվատ, որպեսզի չդիտարկել այն հանգամանքը, որ պատասխանատուն հենց այն անձն է, որը գտնվում է այդ գերատեսչության գլխավերևում: Եթե նա չի կարողանում վերահսկել այդ ամբողջ ֆունկցիաները, ուրեմն մեր տված այդ ամբողջ փաստական հանգամանքները, որ նա պետք է հեռանա․․․ նա օր առաջ պետք է հեռանար, ոչ թե հիմա էլ անընդհատ արդարանա, թե քրեական գործն իր դեմ չի հարուցված»:
Թափառող կենդանիներին որդեգրող ու շտապօգնության ծառայություններ մատուցող «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանը իրավապահներին կոչ է անում զբաղվել նաև այլ՝ մասնավորապես թափառող կենդանիներին կրակելու, ինչպես նաև ստերջացման հարցերով։
«Այլ խախտումներ ևս կան», - ասում է Հովսեփյանը, որ տարիներ շարունակ փորձել են բարձրաձայնել դրանք․ - «Իրականում մենք իրենց կացարան այցելելով շատ ենք տեսել լիդոկայինի ամպուլաներ: Լիդոկայինն իրականում առաջացնում է սրտի բազմակի պայթյուն, դա քնեցում չի: Այո, կենդանին սրսկման արդյունքում մահանում է, բայց տանջամահ է լինում: Քնեցումը պետք է լինի նարկոզով և հատուկ դեղորայքով, որը բավականին թանկ է նստում: Այսինքն, քնեցման համար իրենք դուրս են գրում բավականին լուրջ գումարներ և շներին սպանում են լիդոկայինով: Եթե իհարկե լիդոկայինին հասնում է, ինչին մենք նույնպես կասկածում ենք»:
2009 թվականից ծառայություն մատուցող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում: