Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում 185 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտել


Մինչդեռ ակտիվիստները տարիներ շարունակ բարձաձայնում էին, որ թափառող շների ստերիլիզացման և քնեցման ծառայության ոլորտում մենաշնորհ վայելող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը չարաշահումներով է աշխատում:

Ոստիկանության հայտարարության մեջ ասված է․ - «Պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա: Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռք բերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա: Իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը»:

Հայտարարությունում նաև նշված է, որ 2009 թվականից ամեն տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը՝ ստանալով տարեկան մոտ 100 միլիոն դրամ:

Հարցին, թե ինչպես է տարիներ շարունակ քաղաքապետարանը «շրջանցել» ակտիվիստների բարձրացրած խնդիրները, կամ ինչպես են ոստիկանության բացահայտած չարաշահումները վրիպել քաղաքային իշխանությունների աչքից, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն արձագանքեց, թե ոստիկանության բացահայտումները պայմանագրերին են առնչվում, դա «Յունիգրաֆ-Իքս»-ի հաշվապահական ներքին խնդիր է․ - «Ոստիկանության նշված հայտարարության մեջ էդ դեպքերը ներառված չեն պայմանագրում որպես հսկողության ենթակա ծառայություն: Ծառայությունը ներառում է թափառող յուրաքանչյուր կենդանու վնասազերծումը, որը ըստ վնասազերծված կենդանիների թվի հսկվում և ընդունվում է առևտրի վարչության կողմից․․․ Ինչը որ ոստիկանության հայտարարության մեջ կա, դա տվյալ կազմակերպության ներքին հաշվապահության խնդիրն է, որի վերահսկողության լիազորություն և իրավասություն, գործառույթ Երևանի քաղաքապետարանը, առավել ևս Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը չունի»:

«Յունիգրաֆ-Իքս» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին որևէ մեկնաբանությամբ հանդես չեն գա, քանի որ գործը ոստիկանությունում է:

Թափառող կենդանիներին որդեգրող ու շտապօգնության ծառայություններ մատուցող «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանը վստահ է, որ եթե կառավարությունը չփոխվեր, տարիներ շարունակ իրենց կողմից փաստերով բարձրաձայնված այդ չարաշահումները կշարունակվեին անտեսվել իրավապահների կողմից:

Հովսեփյանի խոսքով՝ ոստիկանությունը պետք է բացահայտումների շղթան լայնացնի՝ ընդգրկելով նաև հենց քաղաքապետարանն ու ոչ միայն․ - «Յունիգրաֆ-Իքս»-ը պատկանում է Հանրապետական Սադոյան եղբայրներին և, բնականաբար, մինչև նոր կառավարությունը «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությունն էր նաև «Յունիգրաֆի» մոտ: Սննդի մասով բացահայտած չարաշահումները ամենափոքր բանն է: Չարաշահումներ և գումարի լվացումներ եղել են նաև այն ասպարեզներում, որոնք վերահսկվում են քաղաքապետարանի կողմից: Ես պետք է նշեմ, որ «Յունիգրաֆ-Իքս»-ի հայտարարությունները, որ ինչ-որ տեղ ստերջացված շներ են բաց թողնում, մենք հենց իրենց հայտարարած տարածքից բռնել ենք իրենց ստերջացված շներին, լրատվության աչքի առաջ վերջաստերջացրել ենք: Այսինքն նրանց փորերն ուղղակի ճղած, կարած են, և գալոչկա է դրված որպես ստերջացում, և գումարը դուրս է լվացվում»:

Օվսաննա Հովսեփյանը պնդեց նաև, որ թափառող ծեր շներին դեղորայքի միջոցով քնեցնելու նպատալով «Յունիգրաֆ-Իքս»-ը հսկայական գումարներ է ստացել քաղաքային բյուջեից և մսխել դրանք․ - «Բազմաթիվ անգամներ մենք գտել ենք նրանց գերեզմանները, որտեղ կենդանիները ծակող գործիքներով են, կրակած են, այսինքն՝ երևում է, թե ինչ մահով են մահացել, քնեցված չեն: Նույնիսկ քնեցման դեպքում նրանք դուրս են գրում այնքան գումար, որ այդ դեղորայքով նրանք հաստատ չեն քնեցնում․ լիդոկաինը մի քանի անգամ էժան է նստում և կենդանուն արագ տանջամահ է անում»:

«Դինգո Թիմ»-ի նախագահն ասում է, որ իրենք ու մի շարք բնապահպաններ ու կենդանասերներ տարիներ շարունակ հորդորել են իրավապահներին հետամուտ լինել իրենց բարձրաձայնած խնդիրներին: Այսօր էլ նույնն են ասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG