Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Հանրապետության նախագահին պաշտոնը ստանձնելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:
Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ Բրիջիտ Բրինքն ասել է. - «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը: Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ամերիկյան ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման, մարդու իրավունքների խթանման և զբոսաշրջության զարգացման հարցերում»: