Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ընթացիկ և նախատեսվող միջոցառումներն են քննարկվել այսօր ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիի և Յուլիա Լովոչկինայի հետ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի միջև առկա համագործակցությունը` կարևորելով ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև սպաների և պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը:
Հիշեցնենք, ԵԽԽՎ համազեկուցողներին երեկ ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: