Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:
Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից: