Բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են, նրանց մի մասը անմեղ է ճանաչվել, մյուսներն ազատ են արձակվել մինչև դատավարությունը:
Մայիսի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր դատարաններում տեղի են ունեցել բերման ենթարկված երիտասարդներից շուրջ երկու տասնյակի դատավարությունները: Նրանց մեծամասնությանը դատարանը որոշել է տուգանել են 10-20 հազար ռուբլու չափով:
Փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի խոսքով, ցուցարարների մեծ մասը ուսանողներ են եղել, որոնք իրենց մեղավոր չեն ճանաչում և հայտարարում են, թե ի վիճակի չեն վճարել տուգանքը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեսպանությունը կկարողանա օգնել ՀՀ քաղաքացիություն ունեցող երիտասարդներին՝ եթե վերջիններս դիմեն:
«Ռուսաստանում հանրահավաքներից կամ փողոցային միջոցառումներից բերման ենթարկվածները պետք է անցնեն դատական նիստով, ստանան համապատասխան պատիժներ: Այդ օրերին Կենտրոնի ներքին գործերի վարչության հետ մեր հյուպատոսական ներկայացուցիչները հանդիպել են: Բերման ենթարկվածների մեջ եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Այս պահին բերման ենթարկված Հայաստանի քաղաքացիներ չկան, բոլորը ազատ են արձակվել: Համապատասխան դատական գործընթացներ են եղել, և մի մասը ուղղակի ազատ է արձակվել, մի մասին համապատասխան տուգանքներ են նշանակվել: Կան մարդիկ որոնք դեռ չեն ներկայացել, և չեն եղել դատական նիստերը: Դա մայիսի վերջին են լինելու: Մեր մտահոգությունը այս պահին այն է, որ մայիսի 25-ին Ռուսաստանում երկու ամիս ժամկետով՝ մինչև հուլիսի 25-ը գործի է դրվելու օտարերկրացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու նոր կարգավիճակ՝ կապված ֆուտբոլի համաշխարհային խաղերի հետ: Եվ մեր խնդիրն է, որպեսզի այդ դատավարությանը, որը կլինի մայիսի 25-ից հետո, չգործի նոր օրենսդրությունը, որպեսզի նրանք չարտոնված հանրահավաքների մասնակցելու հոդվածներում տույժ կամ տուգանք մուծելով կարողանան ազատ արձակվել», - մանրամասնեց դեսպան Տողանյանը:
Բերման ենթարկված հայ երիտասարդների վերջին խմբի դատավարությունը մայիսի 30-ին է լինելու: Նրանց հետ աշխատող փաստաբաններից Ռուբեն Կիրակոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երիտասարդներին սպասում է կա՛մ 10-20 հազար ռուբլի տուգանք, կա՛մ 15-օրյա ազատազրկում՝ ապօրինի ցույցերին մասնակցելու վարչական մեղադրանքով:
Կիրակոսյանը նաև ասաց․ - «Մեկ քաղաքացի Ռուսաստանի նախագահին է նամակ հղել, սպասում ենք նախագահի ապարատից որևէ պատասխանի: Նա համարում է, որ պետք է վերանայվեն այդ բոլոր դատական որոշումները, քանի որ Ռուսաստանը ճանաչել է Հայաստանի նոր իշխանության լեգալությունը, և նրանց գործողություններում եթե անգամ եղել են մեղքեր, լավ կլիներ, որ նրանք ներված լինեն»: