Մոսկվայում արդեն մի քանի օր է հայկան եկեղեցու բակում հավաքվում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցող հայերը, առավելապես՝ երիտասարդներ: Երեկ ևս եկեղեցու բակում հարյուրավոր հայեր էին հավաքվել, որոնք քննարկում էին Հայաստանում ստեղծված իրավիճակը և, իրենց խոսքով՝ «պարզապես բողոքի խաղաղ ակցիան են իրականացնում»:
Մոսկվայի հայկական երիտասարդական կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ «Այսօր, ելնելով Հայաստանում իրավիճակի լարումից, այստեղ էլ մարդկանց քանակը բազմաթիվ անգամ շատացել է: Դժվարանում եմ հստակ գնահատականեր տալ՝ 300-ից 400 հոգի: Նաև ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Ցուցարարների մեծ մասն ուզում էր շարունակել իր հավաքն այստեղ, փորձեցին մտնել եկեղեցու դահլիճ, այնտեղ անցկացնել իրենց խաղաղ հավաքը, սակայն եկեղեցու աշխատողները դա թույլ չտվեցին: Հետո ոստիկանական մեծ ուժեր մտան տարածք և սկսեցին մարդկանց բերման ենթարկել»:
Բերման ենթարկվածների հետ երեկ մինչև ուշ գիշեր աշխատել է փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը: Նա ասաց, որ տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել մոտ 20 երիտասարդ՝ չթույլատրված հավաքներին մասնակցելու հիմնավորմամբ: «Որպես պատիժ նախատեսված է տուգանք՝ 10-ից 20 հազար ռուբլի կամ հասարակական աշխատանքներ»,- «Ազատությանն» ասաց փաստաբանը:
Մոսկվաբնակ հայերը հայաստանյան իրադարձություններին հետևում և դրանք ակտիվորեն քննարկում են նաև սոցիալական ցանցերում: Նույնիսկ խմբեր են ստեղծում՝ միասնաբար Հայաստանին օգնելու, մինչև անգամ՝ Հայաստան մեկնելու համար: «Այսօրվա միտինգից հետո մոտ 100 երիտասարդներ միանալու են Կրասնոդարի ժողովրդին, այնտեղից էլ մարդկանց են հավաքելու, գյուղերից և այլն, սպասելու են սահմանին, մինչ նորից վաղն այստեղից էլի մարդիկ շարժվեն: Մոտ 130 մարդ այսօր է շարժվում, 100-ը՝ վաղն առավոտյան:
Ցուցակները մենք ունենք: Թե կազմակերպչական խումբը և մարդիկ երբ կթռչեն ինքնաթիռով, դեռ պարզ չի, բայց մինչև երեկոյան ժամը 7-ը հաստատ կլինեն Հայաստանում»,- «Ազատությանը» պատմեց ռուսաստանաբանակ Անի Արթինյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանից մոտ 350 հայեր կժամանեն Հայաստան: