Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել


Ըստ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի՝ ստեղծված իրավիճակը դուրս է իրավական կարգավորման դաշտից ու բազմաթիվ վտանգներ է ներկայացնում:

«Հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչին: Իրավական առումով շատ բարդ կոնտեքստում, որովհետև այն եզրույթը, որ օգտագործվում է՝ փոքրամասնության կառավարություն, սխալ է օգտագործվում: Փոքրամասնության կառավարությունը հնարավոր է, երբ խորհրդարանում ոչ ոք չունի մեծամասնություն, և փոքրամասնության ֆրակցիաներից մեկը իր վրա վերցնում է պատասխանատվություն՝ կոորդինացնելու այլ ֆրակցիաների հետ յուրաքանչյուր որոշման շուրջ որոշակի կոնսենսուս ձեռք բերելը: Իսկ այն, ինչ մենք ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է․ ունենք խորհրդարանական մեծամասնություն, դրա հետ մեկտեղ ունենք փոքրամասնությունը ներկայացնող վարչապետ: Ինչը վտանգներով լի է: Որովհետև ի՞նչ է նշանակում այդպիսի կարգավորումը: Նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռ չտա փոքրամասնության վարչապետին և կառավարությանը, նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց և ճնշում գործադրեն պատգամավորների վրա՝ իրենց կամքին դեմ քվեարկելու: Դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարություն լինելուց»:

Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը խնդրի տրամաբանական լուծումը տեսնում է քաղաքական երկխոսության մեջ։ Նրա խոսքով, հնարավոր է, որ խորհրդարանը չարտացոլի իրական պատկերը: Փողոցային ճնշմամբ հարցեր լուծելը, սակայն, ըստ նրա, վտանգներով լի ձև է․ - «Որովհետև միշտ գնտվելու է մարդ, ով ավելի շատ մարդ կարող է փողոց դուրս բերել այլ իրավիճակում, այլ ժամանակներում, և մենք շատ արագ կարող ենք հայտնվել տարօրինակ վիճակում», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Լինում են ծայրահող իրավիճակները, երբ որ խորհրդարանը չի արտացոլում, ենթադրենք, իրական պատկերը, դասավորվածությունը և այլն: Կարող է մի քիչ էքստրեմալ հնչի, բայց, իմ պատկերացմամբ, ավելի նախընտրելի է այդ դեպքում ազնիվ ասել, որ խորհրդարանը չի ներկայացնում ոչինչ և հռչակվել դիկտատոր և որոշումները կայացնել հրապարակում․ հարցնել ժողովրդին, թե ինչպես կքվեարկի այս կամ այն հարցում, և ոնց կքվեարկի ժողովուրդը, տենց օրենքներ ընդունել, հրամանագրեր ընդունել և այլն, մինչև ձևավորվի նոր խորհրդարան: Տենց փորձ աշխարհում շատ է եղել և աշխատել է»:

«Ազատության» հարցին, թե արդյոք տրամաբանական լուծում համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Սարգսյանը պատասխանեց․ - «Ժամանակը պետք է ցույց տա, թե ինչպես են դասավորվում փոխըմբռնման եզրերը բոլոր դերակատարների մեջ: Առանձին գործընթացներով դա կանխատեսել դժվար է: Կապրենք՝ կտեսնենք»:

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսին նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե իրեն չի տեսնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, և կմերժի գործադիրում աշխատելու ցանկացած առաջարկ․ - «Ես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ»:

Վիգեն Սարգսյանն այսօր նաև հայտարարեց, որ մի քանի անգամ տարբեր անձանց միջոցով գործադիրում աշխատելու առաջարկներ է ստացել․ - «Մի քանի խողովակով եղել է քննարկում, թե ինչքան լավ կլինի, եթե ես շարունակեմ ծառայությունս: Չեմ կարող ասել, թե այդ խողովակները կապված են անձամբ Փաշինյանի հետ, իր թիմի հետ, առհասարակ ոչ մեկի հետ: Բայց եղել են բավականին տարբեր մարդիկ և պաշտոնյաներ, որոնք առաջարկել են քննարկել դա»:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այսօր հերքեց լուրերն այն մասին, որ քաղաքացիական անհնազանդության օրերին, զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ նախապատրաստվել են ցույցերը ցրելու գործողություններին։

Վիգեն Սարգսյանը միաժամանակ անընդունելի է համարում մի շարք զինվորականների մասնակցությունը բողոքի գործողություններին: Նրա կարծիքով նոր պաշտպանության նախարարն նույնպես պետք է կոշտ արձագանքի այդ փաստին․ - «Զինված ուժերում այդ քայլը ընկալվել է շատ բացասական, ծայրահեղ բացասական: Ե՛վ սպայական անձնակազմի, և՛ հրամանատարության, և՛ թոշակի անցած, արդեն զորացրված զինծառայողների կողմից»:

Սարգսյանն ընդգծեց, որ շարունակելու է կուսակցական ու քաղաքական ակտիվ գործունեությունը, թերացումներին արձագանքելու է քննադատաբար, կարիքի դեպքում օգնելու խորհուրդներով։

Հանրապետական կուսակցությունը, ըստ նրա, կառավարության գործունեության համար պատասխանատվությունը չի կիսելու։

Պաշտպանության նախարարի պաշտոնում իրեն արժանի փոխարինող տեսնում է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, պաշտպանության նախկին փոխնարար Դավիթ Տոնոյանին․ - «Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարությունը շատ լավ գիտի, այստեղ ծառայել է, երկար ճանապարհ է անցել, ունի այստեղ փորձ, ունի գիտելիքներ: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:

Ի դեպ, Տոնոյանի թեկնածության մասին օրեր առաջ առաջինը բարձրաձայնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով, որ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է։

Ըստ Սահմանադրության, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա հինգ օրերի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ներկայացնի փոխվարչապետերին, իսկ տասնհինգօրյա ժամկետում ամբողջությամբ ձևավորի կառավարությունը:

XS
SM
MD
LG