Մատչելիության հղումներ

«Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում». Վիգեն Սարգսյան


«Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

«Երկրին ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբեր ձևերով, և, իմ խորին համոզմամբ, մասնագիտական աշխատանքը՝ հենված գիտելիքի վրա, փորձի վրա, միշտ անհրաժեշտ է` դա լինի հասարակական ոլորտում, քաղաքական ոլորտում, մանկավարժական աշխատանքի տեսքով, բազմաթիվ ձևեր կան, և խոստանում եմ ձեզ, որ իմ ծառայությունը լինելու է բազմազան, բազմատեսակ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում։ Կարծում եմ, որ մի փոքր ժամանակ կհատկացնեմ նաև մանկավարժական գործունեությունս վերականգնելուն, որովհետև վերջին յոթ տարին ի վիճակի չեմ եղել համատեղել դա ծանրաբեռնվածության պատճառով հիմնական աշխատանքիս հետ, մի փոքր ավելի ժամանակ կհատկացնեմ իմ ընտանիքին, որը դրա կարիքը կարծում եմ ունի, կկարողանամ պլանավորել լիարժեք արձակուրդ, որովհետև վերջին 23 տարին լիարժեք արձակուրդ չեմ ունեցել, գիրք կկարդամ, ընկերներիս հետ կհանդիպեմ, որը նույնպես օգտակար է»։

Նախարարի պաշտոնակատարը նշեց՝ իր համար պետական կառավարումը ոչ թե հոբբի է, այլ մասնագիտություն, հետևաբար, ինչով էլ զբաղվի՝ կապ է ունենալու քաղաքական, հասարակական կյանքի հետ։

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ տեղի ունեցածը հեղափոխություն չի համարում։

«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետև հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչին», - ասաց Սարգսյանը։

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ընտրվեց Հայաստանի վարչապետ: Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Երեկ ավելի ուշ Վիգեն Սարգսյանը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին։ Այսօր նա պարզաբանեց, որ իրականացնելու է այդ լիազորությունները մինչև նոր նախարարի նշանակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG