Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին և Բակո Սահակյանին


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սերժ Սարգսյանի գրասենյակը, ուղերձում մասնավորապես ասված է․ - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համա­քաղա­քա­ցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցու­թյամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության և հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար»:

«Մեր ժողովուրդը հերոսական մասնակցություն ցուցաբերեց և մեծ զոհողություններ մատուցեց հանուն հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում: Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհում ամրապնդվեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը: Խորհրդային Միության ժողովուրդների միասնական բռունցքն ազատագրեց Եվրոպան և կոտրեց նացիստական ամբողջատիրության ողնաշարը, որպեսզի այլևս երբեք որևէ ժողովուրդ չստորադասվի և չենթարկվի համակարգված ոչնչացման», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

«Հայ ժողովուրդն ինքն անցել էր այդ տառապանքի ուղիներով և կրկին դիմակայեց այդ նույն վտանգին նախորդ դարի վերջին տասնամյակում: Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեկընդմիշտ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ բնաջնջելով արցախահայությանը: Ազատամարտի ընթացքում մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն, տոկունություն և խիզախություն: Այդ պայքարի փառքն ու պսակն էր անառիկ բերդի համարում ունեցող Շուշիի ազատագրումը: Արցախի պաշտպանության բանակը, կոփվելով մարտերում, դարձավ արցախահայության բնօրրանը պաշտպանող ամուր և անսասան վահանը», - ընդգծել է Հայաստանի նախկին նախագահը:

«Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը և պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG