Շվեդիայի Գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ այս տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ չի շնորհվի, ինչը կապված է այդ հաստատության ներսում սկանդալային պատմությունների հետ:
Ակադեմիան հայտարարել է, որ գրականության ասպարեզում հաջորդ մրցանակը կշնորհվի 2019 թվականին:
Ակադեմիան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գումարած ժողովում հանգել է այն եզրակացության, որ պատրաստ չէ հաղթող ընտրել, քանի որ առավել ներքաշված է հաստատության ներսում սեռական բնույթի անպարկեշտ արարքներին առնչվող հարցերի կարգավորմամբ, որոնց կապակցությամբ գործադիր մարմնի մի քանի անդամներ հրաժարականներ են ներկայացրել:
«Ակադեմիան այդ որոշումն է ընդունել իր հանդեպ հանրության վստահության նվազեցման բերումով», - ասվում է ակադեմիայի հայտարարությունում:
18 կին ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյին մեղադրել են սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Առնոյի կինը ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնն է:
Առնոն, ով ակադեմիայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է մշակութային ծրագիր, հերքում է մեղադրանքը:
Ակադեմիայի 18 անդամներից 6-ն, այդ թվում ակադեմիայի ղեկավար Սառա Դանիուսը, հրաժարական են ներկայացրել:
Գրականության Նոբելյան մրցանակը հիմնադրվել է 1901 թվականին և մինչ այժմ չէր շնորհվել ընդամենը մեկ անգամ՝ 1943 թվականին, ինչը պայմանավորված էր Երկրորդ աշխարհամարտի հանգամանքներով:
Նոբելյան մրցանակները 1895 թվականին հիմնադրել է շվեդ արդյունաբերող և գիտնական Ալֆրեդ Նոբելը:
Մրցանակի անվանակարգերում են գրականությունը և տարբեր գիտություններ: Բացի այդ, ամեն տարի շնորհվում է Խաղաղության Նոբելյան մրցանակը: Այդ անվանակարգում հաղթողի անունը՝ Նոբելի վճռով, վերապահվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին: