Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ձերբակալել է Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» հետ առնչվող մի խումբ անձանց


Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկվել ու ձերբակալվել են «Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի ան­դամ­ների հետ առնչություն ունեցող ՀՀ քա­ղա­քացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն», ինչպես նաև «վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները»:

Հաղորդագրությունում նշվում է․ - «Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի ան­դամ­ների հետ առնչություն ունեցող ՀՀ քա­ղա­քացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցու­թյուն և ղե­կա­վարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հան­րային նշանակության տար­բեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գար­դեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանս­պոր­տա­յին միջոցների և կամուրջների տակ, հաղոր­դակ­ցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տե­ղադրվող 100-150 հատ հեռա­կա­ռավարվող ինքնաշեն պայթուցիկ սար­քերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավա­պահ մար­մին­ների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հան­­րավտանգ հանցավոր այլ գործողություններ իրա­կա­նացնելու միջոցով Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյունում ձևավորել համատարած վախի մթնո­լորտ և, պե­տա­կան իշխա­նու­թյան մարմինների վրա ապօ­րինի ճնշում գոր­ծադ­րելով՝ վերջին­նե­րիս առաջադրել որոշակի գործողություններ կա­­տարելու պահանջներ»։

«Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խու­զարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարան­նե­րում և ավտոմե­քե­նա­նե­րում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկա­ներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քու­­ղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրա­տար­րեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հի­ման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալ­վել», - նաև ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է «զերծ մնալ ազգային անվտան­գու­թյանը սպառ­նա­ցող նկրտում­նե­րի ցանկացած դրսևո­­րումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաք­նե­րի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG