Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը


Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը այսօր առաջին անգամ կառավարության նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Կառավարության նիստերը նախկինում որպես կանոն ժամը 11-ին էին մեկնարկում: Այսօրվա նիստը, սակայն, նախատեսված է ժամը 17-ին, ժամը 18:15-ին էլ՝ նիստից հետո, կկազմակերպվեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները: Հիշեցնենք, որ կառավարության նիստերն անցկացվում են փակ ընթացակարգով, և լրագրողները հնարավորություն ունեն նախարարներին հարցել տալ միայն ճեպազրույցների ժամանակ։

Սարգսյանի վարչապետության դեմ պայքար մղող ցուցարարներին գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փորձելու են շրջափակել կառավարության գլխավոր մասնաշենքը՝ խափանելու համար նիստը: Նա պնդում է, որ Սերժ Սարգսյանը հայաստանցիներին պետք է նայի փշալարերի կամ ոստիկանական վահանների հետևից:

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության Հրապարակում և շրջափակել կառավարության շենքը: Մեծ թվով ցուցարարներ հավաքվել են կառավարության շենքի մերձակայքում և Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով և սկսել ձևավորել կառավարության նոր կազմը: Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր՝ Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը: Իրեն պաշտոններում վերանշանակվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG