Իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Առանց բացառության, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի բոլոր գործիչները ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր նախօրեին և մենք որպես Գործադիր մարմին շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք վարչապետի թեկնածուին», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: - «Կարծում եմ պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, և կարծում եմ որևէ մեկի մտքով չի էլ անցել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է բոլոր Գործադիր մարմնի անդամների մոտ հավանություն: Այս ամիսների ընթացքում մենք բոլորս այդ կարծիքներին անդրադարձել ենք, խորհրդի նիստին արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում կկայացնի: Պարզապես նշեմ, որ Գործադիր մարմնում այլ կարծիք չի հնչել, այլ թեկնածու չի էլ առաջադրվել, չի էլ քննարկվել»:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշել են «առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: