ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր:
Ֆինանսների նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:
Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով: