Մատչելիության հղումներ

«Սաղ թալանում են էս ոլորտը»․ տաքսիստները բողոքի ցույց են անում Կառավարության շենքի մոտ


Վարորդները դժգոհում են լիցենզավորման կարգից, երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներից՝ հայտարարելով, թե Կառավարությունն իրենց թալանում է։

«Մենք սաղ էլ հացի փողի հարց ենք լուծում ստեղ: Կանչեք, վարչապետը թող գա», - ասում էին ցուցարարները:

Անհատ տաքսու վարորդները բողոքեցին նաև GG և «Յանդեքս» օնլայն տաքսի ծառայությունների դեմ, հայտարարելով, թե վերջիններիս լիցենզավորված չեն, հարկեր չեն մուծում, արդյունքում ավելի մատչելի ծառայություն են մատուցում և մրցակցային անհավասար պայմաններ ստեղծում․ - «Նենց տպավորություն ա, ոնց որ GG-ն ու «Յանդեքսը» պետական հովանավորություն ունեն, որ սենց անօրինական գործում են: Շատ հեշտ կարելի ա մեխանիզմներ մշակել, իրանց հարկային դաշտ բերել»:

Օնլայն հարթակում մրցակցությանը դիմանալու համար բողոքող վարորդները նույնպես նոր հավելված են ստեղծել՝ անվանելով այն «Տաքսի վարչապետ»։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի անգամ, անհատ տաքսու վարորդ Վահե Պետրոսյանի խոսքով՝ այդպիսով իրենց բողոքն են արտահայտում ներկա և նախկին վարչապետերի դեմ - «Փորձելու ենք լայն, զանգվածային միջոցներով տարածել, որ հակավարչապետի ա սա: Էս պահին վարչապետերի կողմից դավաճանական մոտեցում ունեցող քաղաքականության դեմ ա էդ անվանումը դրվել»:

Վարչապետի փոխարեն, սակայն, վարորդներին ընդունեց Կառավարության քաղաքացիներ ընդունելության և նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ 40 րոպե փակ քննարկումից հետո Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգայի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը լրագրողներին փոխանցեց որոշումը. հերթական նամակը կգրեն ու կներկայացնեն արդեն նոր վարչապետին։

«Հիմա թողնում ենք ակցիան, գրավոր էլի կներկայացնենք: Պարզապես, որ փոփոխություն ա, նոր վարչապետ պիտի նշանակվի: Էլի նորից հույսով գնանք, մտածենք, թե նոր վարչապետը հարցին լուծում կտա՞, թե՞ չէ», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG