Մատչելիության հղումներ

Առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար. Բաբլոյան


Առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևայի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության ամրապնդումը, Հայաստանի խորհրդարանի ղեկավարի համոզմամբ, մեծ կարևորություն ունի Հայաստանի համար:

Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության խորացման տեսանկյունից:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել բուլղարացի գործընկերոջը՝ ԵՄ խորհրդի նախագահությունը Բուլղարիայի կողմից ստանձնելու առթիվ: Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. - «Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը՝ ԵՄ ներկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լինել միասնական»:

Խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում:

Նա հույս է հայտնել, որ Բուլղարիան առավել սեղմ ժամկետում կվավերացնի վերոնշյալ համաձայնագիրը:

«Տիկին նախագահ, ուրախ եմ մեր հանդիպման համար և հավատացած, որ նման հանդիպումների պարբերականությունը նոր լիցք կհաղորդի և՛ միջպետական հարաբերությունների զարգացմանը, և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը», - նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահն իր հերթին նշել է. - «Հավաստիացնում եմ, որ հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ, որը կաջակցի Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում»:

Ցվետա Կարայանչևան Արա Բաբլոյանին հրավիրել է Բուլղարիա:

Կողմերը պայմանավորվել են խորացնել խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG