Մատչելիության հղումներ

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրումը «չի խոչընդոտի» ԵՄ- Հայաստան համաձայնագրի վավերացումը


Կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արևմտյան երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունը ազդեցություն չի ունենա Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա և խոչընդոտներ չի հարուցի Եվրամիության հետ անցած տարի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացում:

«Ոչինչ չեմ տեսնում: Դրա մասին բազմիցս խոսվել է: Ավելին՝ նույն Եվրոպական միությունը շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը առաջին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունն է, որը այդպիսի խորը համագործակցության է գնում Եվրամիության հետ՝ բնական է, պահպանելով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն միավորումներում», - հավելեց փոխարտգործնախարարը:

Կրեմլի ու արևմտյան առաջատար երկրների միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած դեպքը, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ, հետագայում Լոնդոնի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան: Պաշտոնական Լոնդոնը մեղադրեց Ռուսաստանի իշխանություններին: Ճիշտ մեկ շաբաթ առաջ՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` խստորեն դատապարտելով կատարվածը, այն բնորոշելով, որպես հարձակում Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության դեմ և սպառնալիք իրենց անվտանգությանը:

Շավարշ Քոչարյանն այսօր գրեթե անհավանական համարեց, որ Եվրամիության անդամ երկրների մակարդակով նույնպես փորձ արվի խոչընդոտել Բրյուսելի հետ Հայաստանի ստորագրած հիմնարար համաձայնագրի վավերացումը․ - «Համարում եմ դա գրեթե անհավանական, որովհետև այն պետությունը, որը որ շահագրգիռ չէր, ինքը դա կարող էր անել դեռևս մինչև ստորագրումը: Ինքնին որ Եվրամիությունը ստորագրել է, դա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»:

Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Եվրամիության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Այս ամիս ավելի վաղ՝ մարտի 16-ին Հայաստանի Սահմանդրական դատարանը որոշել էր, որ համաձայնագիրը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և այժմ հերթը Ազգային ժողովինն է վավերացնելու փաստաթուղթը:

Նշենք, որ Երևանի ու Բրյուսելի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության անդամ 28 երկրներից առայժմ վավերացրել է միայն Էստոնիան:

«Հայտարարություն եղել է Գերմանիայի կողմից, բայց դա ընդամենը հայտարարություն է, որտեղ ինքը ճշտում է, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները՝ կապված անվտանգության ոլորտի հետ», - փոխանցեց Քոչարյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, Եվրասիական տնտեսական միության որոշ երկրներ անգամ ուսումնասիրում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների փորձը․ - «Ես անուններ չեմ տա․․․ բայց կան»:

Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, Ռուսաստան - Արևմուտք վերստին սրված հարաբերությունները կարող են վտանգավոր լինել Հայաստանի համար․ - «Մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև այդ հակամարտությունը Ռուսաստանի և Արևմուտքի խորանալու տենդենց ունի: Որովհետը խորանալով՝ այս ամենը տեղափոխվելու է նաև Սիրիա, այլ հակամարտության դրսևորումներ են նորից ի հայտ գալու։ Մենք մտել ենք արդեն գերտերությունների հետախուզական ծառայությունների հակամարտության շրջան, իսկ այնտեղ կարող է նաև պլանավորումներ լինեն, որպեսզի տվյալ խնդիրը լուծեն՝ լուծեն նաև այլ հակամարտություններ արթնացնելու խնդիրներ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG