Բրիտանական ոստիկանության հաղորդմամբ, ռուս հետախույզ, Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելուց առնվազն 21 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ:
Ըստ Ուիլթշիրի ոստիկանապետի, տուժողները հիվանդանոց են տեղափոխվել և այժմ արյունաբանական հետազոտություն են անցնում:
Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հստակեցնում, թե ինչ նյութ է կիրառվել 66-ամյա Սկրիպալի և նրա 33-ամյա դստեր դեմ։ Հաղորդվում է միայն, որ անգիտակից հայտնաբերվելուց չորս օր անց նրանց վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադդը հայտարարել է. - «Մենք վճռական ենք անել ամեն հնարավորը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ովքեր էլ որ նրանք լինեն, և որտեղ էլ գտնվեն»:
Հիշեցնենք՝ Սկրիպալին և նրա դստերը ոստիկաններն օրերս հայտնաբերել էին Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հարավ գտնվող Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկին հարող փոքրիկ զբոսայգու նստարանին՝ անգիտակից վիճակում: