Ռուսաստանի Պետական դումայի ազդեցիկ պատգամավոր Լեոնիդ Սլուցկին, որի հրաժարականն են պահանջում նրան սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող երեք կին լրագրողներ և մի շարք քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ, ներողություն է հայցել:
Սլուցկին նախ հերքել է մեղադրանքները և սպառնացել է զրպարտության հոդվածով դատական գործեր հարուցել, սակայն մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակավ ներողություն է խնդրել:
«Օգտվելով մարտի 8-ի ընձեռած առիթից, ես ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, ում կամա թե ակամա տհաճություն են պատճառել, հավատացեք, ես չար մտադրություններ չեմ ունեցել»,- գրել է Սլուցկին Ֆեյսբուքում:
Նրա հրաժարականն են պահանջում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նախագահության թեկնածու Քսենիա Սոբչակը:
Սլուցկու կողմից սեռական ոտնձգությունների մասին են հայտնել RTVI հեռուստակայանի խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեն, «Դոժդ» հեռուստակայանի թողարկիչ Դարյա Ժուկը և BBC հեռուստակայանի լրագրող Ֆարիդա Ռուստամովան:
Նավալնին Սլուցկուն անվանել է «նողկալի օրենսդիր» և քննադատել է նրան պաշտպանող պատգամավորներին, այդ թվում նախագահության թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկուն և Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին: