Մատչելիության հղումներ

Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել, հարուցվել է քրգործ


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են 2018-ի հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2 միլիոն 914 հազար 250 դրամի վնաս:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG