Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին. «Ելք»-ը հետաքննություն է պահանջում


խորհրդարանաի նիստերից մեկը, արխիվ
խորհրդարանաի նիստերից մեկը, արխիվ

Հայաստանի խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին:

Ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել է 98-ը։

Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում՝ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը։

Խորհրդի առաջին երեք անդամներն ընտրվեցին հինգ, վերջին երկուսը՝ երեք տարի ժամկետով։

Ընտրություններին հաջորդեց նրանց երդմնակալության արարողությունը։

Արարողությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. - «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքներով հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանը ստացել է երկու դեմ ձայն, լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորներն, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ յոթ հոգի, քվեարկել են դեմ Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, և սա ես համարում եմ մանր ժուլիկություն ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքին»։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն մեղադրանքներն անհիմն որակեց։

«Մենք պահանջում ենք հետաքննություն անցկացնել», - հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցմնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG