Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց «Ելք»-ի ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ընդդիմադիրները առաջարկում էին թեթևացնել քաղաքացիների հարկային բեռը՝ իջեցնել վառելիքի գնի բարձրացմանը հանգեցրած ակցիզային հարկը, ավելացրած արժեքի հարկը և եկամտահարկը։
«Ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի փոփոխություններով մենք առաջարկում ենք մոտավորապես 35-40 միլիարդ դրամ, որը մենք էս հարկային բեռի ավելացմամբ պետք է փաստորեն քաղաքացիների գրպանից վերցնենք, առաջարկում ենք էդ գումարը թողնել քաղաքացիների մոտ: Որովհետև հակառակ դեպքում մեր երկրում հաստատված սոցիալական ճգնաժամը ավելի է խորանալու», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Փոփոխությունների առաջարկը ամբիոնից ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այդպես հնարավոր կլինի օգնել քաղաքացիներին դիմակայելու «անկառավարելի գնաճին», որն առաջացել է երեք հիմնական գործոնների պատճառով՝ որոշ ապարաքների միջազգային գների տատանումներ, վառելիքի թանկացում հայաստանյան շուկայում և 2 համապետական ընտրություններից հետո ընտրակաշառքի հետհավաքագրում․ - «Երկու ընտրություն էին ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ էին աչքի ընկել»:
«Ելք» խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ իրականում Հայաստանի քաղաքացիների ուսերին ծանրացած գնաճը ոչ թե 2.6 տոկոս է, այլ 21.9 տոկոս է։ Փաշինյանն ասում է, որ փորձագետների հետ միասին ձեռք են բերել երկրում ամենալայն սպառում ունեցող ապրանքների զամբյուղն ու հաշվել գնաճը՝ ըստ դրա բաղադրիիչների գների բարձացման․ - «Այսինքն, էս ապրանքների գծով, որոնք ամենակարևոր ապրանքներ են, 29.1 տոկոս ա»:
Գործընկերոջ հետ այս հարցում համամիտ է «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, Ազգային վիճակագրական ծառայությունը մոլորեցնում է հանրությանը՝ խոսելով 2.6 տոկոս գնաճի մասին․ - «Օրինակ, Բէ-Էմ-Վէ-յի ֆառերի գինը էժանացել է․․․ Նայում եմ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը: Նայում եմ՝ հաց, կաթ, կարտոֆիլ․․․ Բէ-Էմ-Վէ-յի ֆառ առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում չկա: Դե․․․ չեն ուտում մեր քաղաքացիները Բէ-Էմ-Վէ-յի ֆառ»:
«Ելք»-ի ներկայացրած փոփոխությունների նախագծի շուրջ հարակից ու այս պարագայում նաև հակադարձող զեկուցողը խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էր (ՀՀԿ): Նա չփորձեց պաշտպանել Կառավարության ցուցանիշը գնաճի վերաբերյալ։ Նա պնդում էր, որ պետք է պայմաններ ստեղծել, որ սոցիալապես խոցելի խավը կարողանա դիմակայել գնաճին, իսկ «Ելք»-ի ներկայացրած փոփոխությունների նախագծում այդ հարցի լուծումը չկա․ - «Հետևաբար մեր խնդիրը պետք է լինի այն հատվածին՝ սոցիալապես նվազ կարողություններ ունեցող հատվածի տնօրինվող գումարը ավելացնել այնքան, որ կարողանան այդ 21.9 տոկոս գնաճը դիմագրավել»:
Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից գործող Հարկային օրենսգրքով մինչև 150 հազար դրամ վաստակող քաղաքացիների եկամտահարկը իջել է 1000-1500 դրամով, նույն հարկը բարձրացել է միայն 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար․ - «Ի դեպ, 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները մեր վարձու աշխատողների 71 տոկոսն են՝ 425 հազար: Դրանք մեր վարձու աշխատողների ամենանվազ ֆինանսական կարողություններ, դրամական հնարավորություններ ունեցող հատվածն են»:
ՀՀԿ-ի հաշվարկով՝ «Ելք»-ի օրեսդրական առաջարկը ընդունելու դեպքում այս տարվա բյուջեն կպակասի ավելի քան 32 միլիանդ դրամով։
«Ելք»-ում սակյան վստահ են, ցանկության դեպքում եկամուտներ պետությունը կարող է ունենալ ոչ թե միջին խավի գրպանից, այլ ուրիշ աղբյուրներից։
Մանե Թանդիլյան․ - «Ընդհանրապես մտածե՞լ եք, օրինակ, վերանայել գույքահարկի կադաստրային արժեքը իրական արժեքին մոտեցնելու և հարկելու այն շքեղ առանձնատները, որ ամեն օր մեր քաղաքում աճում-զարգանում են․․․ Տնտեսությունը բոլորս գիտենք ինչ վիճակում է, աղքատությունը չի նվազում, բայց շքեղ առանձնատները շատանում են»:
Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը այնուամենայնիվ նկատեց, որ «Ելք»-ի նախագիծը փաստացի նվազեցնելու է բյուջեի եկամուտները, և չկա մեկ այլ առաջարկ, որով կարող են փոխհատուցել այդ կորուստը․ - «Ես լիազորված եմ Կառավարության անունից պահանջելու, որպեսզի Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն այս օրենքը ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ»:
Ավելի քան 3 ժամ տևած քննարկումից հետո խորհրդարանը քվեարկեց և 35 կողմ, 38 դեմ ձայներով մերժեց «Ելք»-ի նախագիծը։