Մատչելիության հղումներ

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ գների իջեցումը «ճիշտ չէ»


Հարկային օրենսգրքի փոփոխությամբ գների իջեցումը Հայաստանի կառավարությունը ճիշտ ճանապարհ չի համարում:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր հայտարարեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա․ - «Այստեղ հարկային գործիքով որևիցե արտոնություններ կամ գների վրա որևէ ազդման հետ կապված մանիպուլյացիաներ կամ խաղարկումներ անելը, կարծում եմ, դա ճիշտ չէ: Որովհետև հարկային օրենսդրությունը կամ հարկը ճիշտ գործիքը չէ»:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և մինչև 2018 թվականի հունվարի 1-ը եղած ակցիզային հարկի և եկամտային հարկի դրույքաչափերին վերադառնալու նպատակով Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք էր սկսել։ Դրան միացավ նաև «Ծառուկյան» խմբակցությունը, և արդյունքում անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեցին։

Երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նպատակը թանկացումները կանխելն ու հարկային բեռը թեթևացնելն է։

ՀՀԿ անդամ Վարդան Արամյանը, մինչդեռ, պնդում է, որ, օրինակ, ակցիզային հարկի բարձրացումը, որը թանկացումների է հանգեցրել վառելիքի ոլորտում, մեծ չէ․ - «Հարկային օրենսգիրքը քննարկելիս մենք, իհարկե, հաշվի առել ենք ակցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը գների վրա: Եվ դա գնահատված է 0.5 տոկոսային կետ»:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետևանքով այս տարեսկզբից մի քանի տասնյակ դրամով թանկացավ վառելիքը։ Եկամտահարկի բարձրացման արդյունքում 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը ավելացել է 2 տոկոսով՝ 26-ի փոխարեն կազմելով 28 տոկոս: Նվազել է մինչև 150 հազար դրամ ստացողների եկամտահարկը՝ կազմելով 23 տոկոս: 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողները վճարում են 36 տոկոս եկամտահարկ:

Ֆինանսների նախարարը պնդում է, որ Կառավարությունը պարտավորություններ ունի, որոնք իրականացնելու համար գումար է պետք․ - «Մենք ունենք պարտավորությունների սոցիալական ծրագրերի ֆինանսավորման, աշխատավարձերի վճարման, համայնքների համահարթեցման մասով և այլն, և այլն: Բնականաբար, դա պետք է ֆինանսավորվի կայուն աղբյուրներից: Եթե մենք անընդհատ գնում ենք թուլացումների, հարց է առաջանում՝ այդ մեր պարտավորությունները որտեղի՞ց պետք է ֆինանսավորեն»:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախաձեռնած «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը հակադարձում է նախարարին՝ պնդելով, որ թանկացումները եղան Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո, և պարզ է, որ փոփոխությունները չեղարկելու դեպքում գների իջեցում կլինի․ - «Այն, ինչ ասում է պարոն նախարարը, ենթադրում եմ, նշանակում է, որ ցանկություն չկա վերանայելու այն դրույքաչափերը, որոնք ի վերջո ազդել են գնագոյացման վրա»:

Իսկ նախարարի պնդմանը, թե բարձրացումը շատ չէ, Թանդիլյանը հակադարձց, որ վառելիքի թանկացումը իր հետ նաև այլ ապրանքների թանկացում է բերում։

Ինչ վերաբերում է Վարդան Արամյանի հայտարարությանը, որ սոցիալական վճարներ, աշխատավարձեր վճարելու համար բյուջե գումար պետք է մտնի, ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ Կառավարությունը գումարը այլ տեղում պետք է փնտրի․ - «Ցույց կտանք նաև այն գումարների տեղը, որտեղից անհրաժեշտ է հավաքագրել հարկային մուտքերը, այլ ոչ թե բեռը ծանրացնել միջին խավի վրա: Միևնույն ժամանակ չենք մոռանում 30-50 տոկոս ստվերային տնտեսությունների մասին, որոնց թափանցիկ դարձնելը ամբողջությամբ Կառավարության իրավունքների և պարտականությունների ներքո է»:

Վարդան Արամյանը, մինչդեռ, հայտարարում է, որ Հարկային օրենսգրքով նաև իջեցումներ են արել և «տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն են տվել ավելի արդյունավետ կառավարել կանխիկ հոսքերը»։

Արամյանը մի քանի անգամ ասաց, որ բյուջեն պետք է կայուն լինի․ քննարկել են և որոշել որ ակցիզային հարկով պետք է բալանսավորեն հոսքերը։

Նրա խոսքով, Հայաստանում ակցիզային հարկը տարածաշրջանում ցածրերից մեկն է, անգամ Վրաստանում այն գրեթե երկու անգամ ավելի բարձր է․ - «Իհարկե, մենք տեսնում ենք մեր ազգաբնակչության խոցելի խմբերին, սոցիալապես անապահովներին օժանդակենք այդպիսի գնաճային տատանումների ազդեցությունը մեղմելու մասով, ծախսային գործիքների միջոցով: Ինչը որ քննարկում ենք, ինչի մասին որ հայտարարություն արեց Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խոսքը վերաբերում է դիզելային վառելիքի գյուղատնտեսության ոլորտում որոշակի սուբսիդավորման մեխանիզմների մշակմանը և կիրառմանը»:

«Ելք» խմբակցությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նիստին է պատրաստվում։ Մանե Թանդիլյանը ասաց, որ այն տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG