Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի ևս երեք թեկնածուի է գրանցել՝ մարտի 18-ի ընտրություններին մասնակցելու համար: Այսպիսով, գրանցված թեկնածուների թիվը հասավ վեցի:
Երեկ հանձնաժողովն ընդունեց «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովի, «Բոլոր ռուսաստանցիների միություն» կուսակցությունից Սերգեյ Բաբուրինի և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկու հայտերը:
Քննադատների պնդմամբ՝ առաջադրված թեկնածուների մեծ մասը քող է ստեղծում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի անարգել հաղթանակի համար:
Հիշեցնենք, Պուտինի թեկնածությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է փետրվարի 6-ին: Նախագահի մյուս թեկնածուներն են Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը: Ընտրություններում առաջադրվելու մտադրություն է հայտնել նաև լրագրող Քսենիա Սոբչակը:
Անցած տարվա վերջին ԿԸՀ-ն հրաժարվեց որպես նախագահի թեկնածու գրանցել Պուտինի կոշտ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին՝ քրեական գործում ներգրավված լինելու պատճառաբանությամբ: