ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերստին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանավեճ է բռնկվել Սիրիայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պնդումների առնչությամբ:
Երեկ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին մեղադրել է Ռուսաստանին՝ Արևմտյան Գուտայում անցած շաբաթ և կիրակի օրերին Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործման շուրջ հետաքննությունը խոչընդոտելու համար՝ չնայած «տասնյակ զոհերի կողմից ակնհայտ ապացույցներին»:
Նույն օրը ավելի ուշ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ «լրջորեն մտահոգված է» սիրիական կառավարության կողմից «անմեղ քաղաքացիական անձանց ահաբեկելու նպատակով»» քլոր գազի օգտագործման մասին շարունակաբար ստացվող հաղորդումներով: Հայտարարությունում նշված են վերջին 30 օրերին քիմիական զենքի կիրառմամբ 6 հարձակումների մասին հաղորդումներ:
Ռուսաստանը, որը 2015 թվականից Ասադին աջակցող ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում, հերքում է այս մեղադրանքները՝ դրանք «զրպարտություն» որակելով: