Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետերը հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել են երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
Կարեն Կարապետյանը Ալմաթիում հանդիպել է նաև Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
Հայաստանի վարչապետը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով:
Երկու երկների վարչապետերը համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: