Մատչելիության հղումներ

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար. Կարեն Կարապետյան


Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։

Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ASEAN-ի և մեր տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

«Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա, և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը:

«Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», - նշել է վարչապետը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, Թարման Շանմուգարատնամը ընդունել է հրավերը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG